Լուրեր

Ընդունելություն ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետի

16.05.2019

Կից լուսանկարներ

Levon Avdoyan

Levon Avdoyan

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ընդունելություն` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետ Լևոն Ավդոյանի` գրադարանում իր ավելի քան 40-ամյա գործունեության ավարտի կապակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հետ համատեղ, որը 1974թ. հիմնված գիտական կազմակերպություն է, որի նպատակներն են հայագիտության զարգացումը` որպես ուսումնական ճյուղ, և հայ մշակույթի ու հասարակության ուսումնասիրության խթանումը:

Միջոցառմանը ներկա էին ականավոր գիտնականներ ամերիկյան ու միջազգային տարբեր գիտական կառույցներից, այդ թվում` Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար Մարի-Ջեյն Դիբը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնն ու Ջոն Էվանսը, դիվանագետներ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունից, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հայ համայնքի անդամներ: Միջոցառման ընթացքում Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ Պետրոս Տեր-Մաթոսյանը Լևոն Ավդոյանին հանձնեց ընկերակցության անդրանիկ «Lifetime Achievement» պարգևը:

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում ընդգծեց դոկտոր Ավդոյանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների բնագավառում և նրա բազում գիտական նվաճումները, և շնորհակալություն հայտնեց նրան` իր կարևոր պաշտոնում երկարամյա ծառայության համար: Դեսպանը հատկապես կարևորեց դոկտոր Ավդոյանի ջանքերն իր գործունեության ընթացքում մի շարք կարևորագույն նախագծերի կյանքի կոչման հարցում, այդ թվում` 2012թ. առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայագիտական տարբեր թեմաների շուրջ Վարդանանց օրվա դասախոսությունների շարքը, նրա աջակցությունը 2018թ. Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարված լայնածավալ աշխատանքը` գրադարանի հայկական հավաքածուի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր