• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու/դադարեցնելու գործընթաց
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել 17 դարի առաջին տասնամյակներից: Հայերի ներհոսք է սկսվել 19 դարի 30-ական թվականներին` Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական, լուսավորչական գործունեության հետևանքով: ԱՄՆ մեկնած հայերը ժամանակի ընթացքում հաստատվել են գրեթե բոլոր նահանգներում: 1900 թվականին հայերի թիվն ԱՄՆ-ում կազմել է շուրջ 20 հազար հոգի:

ԱՄՆ հայերի զանգվածային գաղթ է տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին` Թուրքիայի տարածքում հայերի կոտորածներից, 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին արդեն ԱՄՆ-ում բնակվել է շուրջ 200 հազար, 1965թ.` 300 հազար, 1970-72թվականներին` շուրջ 450-500 հազար հայ:

1867 թվականին ԱՄՆ գաղթած Հակոբ Առաքելյանը հիմնել է ժամանակի խոշորագույն «Փիլգրիմ փրես» տպարանը, հայկական առաջին պարբերականը`«Արեգակը», լույս է տեսել 1888 թվականին Ջերսի Սիթիում: Այսօր այս երկրում լույս է տեսնում ավելի քան 200 անուն հայկական պարբերական:

ԱՄՆ-ում առաջին հայկական դպրոցը` Վարդուկյան վարժարանը, հիմնադրվել է 1880-ական թվականների վերջին Նյու Յորքում: Առաջին ամենօրյա դպրոցը` Ֆերահյան երկրորդական վարժարանը, գործում է 1964 թվականից Լոս Անջելեսում: Ներկայումս այստեղ գործում է 26 ամենօրյա և 131 մեկօրյա վարժարան:

Գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան (առաջնորդանիստը` Նյու Յորքի Սբ. Վարդան եկեղեցի, առաջնորդը` Խաժակ արք. Պարսամյան) և Արևմտյան թեմերը (առաջնորդանիստը` Լոս Անջելեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Հովնան արք. Տերտերյան): Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հովանու ներքո գործում են Հյուսիսային Ամերիկայի Արևելյան (առաջնորդանիստը` Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, առաջնորդը` Օշական արք. Չոլոյան) և Արևմտյան թեմերը (առաջնորդանիստ` Լոս Անջելեսի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, առաջնորդը` Մուշեղ արք. Մարտիրոսյան): ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական առաջին` Ս.Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1891 թվականին Ուստրում, ներկայումս գործում է շուրջ 90 եկեղեցի:
ԱՄՆ-ում գործում են նաև Հայ Ավետարանական համայնքը` շուրջ 25 հազար հետեևորդներով, 22 ժողովարաններով, Հայ Կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմը` շուրջ 6 հազար հետևորդներով, 6 եկեղեցիներով: 1918 թվականին Նյու Ջերսիում հիմնվել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America):

ԱՄՆ-ում գործում են ազգային երեք կուսակցությունների` ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ, տեղական մարմինները: Գրեթե բոլոր հայահոծ քաղաքներում մասնաճյուղեր ունեն համասփյուռքյան նշանակություն ունեցող` ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՕՄ, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, ՀՄՄ, «Նոր սերունդ» մշակութային միություն, Թեքեյան մշակութային միություն և այլ կազմակերպություններն` իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով: Գործում են` Ամերիկայի հայ ազգային կոմիտե (ANCA-ՀՅԴ Հայ դատ), Ամերիկայի հայկական համագումար և Մարդու իրավունքների Ամերիկայի հայկական կոմիտե (ՌԱԿ), լոբբիստական կազմակերպությունները: Գործում են նաև «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղերը, Հայ օգնության ֆոնդը, «Հայ կանանց միջազգային ասոցիացիա»-ն (AIWA), Հայրենակցական միություններ (Մարաշ, Իրաք, Հաճըն և այլն), Հայ ճարտարապետների, Հայ գրողների, Հայ բժիշկների և Հայ իրավաբանների միությունները, Հայ-ամերիկյան առևտրի պալատը, Հայկական կրթահետազոտական խումբը, Կալիֆոռնիայի համալսարանին կից նանոտեխնոլոգիաների ինստիտուտը, Ազգային վարժարանները, Կալիֆոռնիայի Ազգային վարժարանների խնամակալ մարմինը, Ազգային վարչությունը, «Գաֆէսճեան ընտանիք» և «Հայկական ժառանգություն» հիմնադրամները, «Արմենիան թրի պրոջեքտ» կենտրոնը, «Հայ-ամերիկյան Սփյուռքի կենտրոն», Միացյալ հայ երիտասարդական և այլ կազմակերպություններ, որոնք կարևորագույն դեր են կատարում հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման գործում:

ԱՄՆ-ի մի շարք նահանգների` Կալիֆոռնիա (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո), Հարվարդ, Միչիգան, Կոլումբիա, Փենսիլվանիա, համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: ԱՄՆ-ում գործում են հայկական գրատներ, հրատարակչություններ, գրախանութներ («Ապրիլ», «Սարդարապատ», «Էրեբունի», «Մշակ», «Արարատ», «Աշոտ», «Ոսկեդար», «Պերճ», «Շիրակ», «Շարժուն գրախանութ» և այլն): Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյտում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ժամեր, հեռուստաալիքներ:

Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 1 միլիոն 200 հազար հայ, նրանց գրեթե կեսը կենտրոնացված է Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա քաղաքներում: Հայաշատ քաղաքներ են նաև Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն, Փրովիդենսը:

ԱՄՆ-ի 42 նահանգներ ճանաչել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության փաստը:

ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններ

«Ամերիկահայ թատերաերաժշտական միություն»-ը հիմնադրվել է 1966 թվականին Լոս Անջելեսում: Միության նպատակն է` ներկայացնել հայ մշակութային արժեքները և հայ արվեստագետների ստեղծագործությունները:

«Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան» կազմակերպությունը (ALMA-Armenian Library and Museum of America) հիմնադրվել է 1985 թվականին Բելմոնդում:

«Ամերիկահայ ուսանողների միություն»-ը (ASA) կրթական և բարեսիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Նյու Յորքում 1910 թվականին: Միության նպատակն է` համախմբել ԱՄՆ-ի հայ մտավորականներին, դասախոսներին, ուսանողներին, նպաստել օտար ափերում կրթական գործի զարգացմանը:

«Ատլանտայի հայ անկախ մշակութային միություն»-ը հիմնադրվել է 1982 թվականին Մարիեթում (Ատլանտա): Նպատակն է` համախմբել հայությանը, ամերիկահայ երիտասարդներին տալ հայեցի դաստիարակություն:

«Արարատ-Էսքիջյան» թանգարանը հիմնվել է 1993 թվականին Լոս Անջելեսում` հայոց մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու նպատակով: Հրատարակում է հայոց նոր պատմության վերաբերյալ աշխատություններ, Հայաստանին և հայերին վերաբերող փաստաթղթերի ժողովածուներ, քարտեզներ և այլն: Կազմակերպում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, գիտաժողովներ:

«Դավիթյան-Մարիամյան» կրթական հաստատությունը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1988 թվականին` Թեհրանի հայոց ազգային արական Դավիթյան և իգական Մարիամյան դպրոցների սաների նախաձեռնությամբ: Հաստատությունը կազմակերպում է հայոց լեզվի և մշակույթի դասընթացներ:

«Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և վավերագրերի Զորյան ինստիտուտ»-ը հիմնադրվել է 1982 թվականին Քեմբրիջում (Մասսաչուսեթս): Նպատակն է` ուսումնասիրել ժամանակակից հայ հասարակության, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության խնդիրները:

«Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միություն»-ը հիմնադրվել է 1986 թվականին Լոս Անջելեսում: Միությունը կազմակերպում է անվճար բժշկական սպասարկում, հեռուստածրագրեր առողջապահական հարցերի շուրջ:

Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Արդի հայոց պատմության ամբիոնը (University of California, Los Angeles (UCLA) Chair of Modern Armenian History) հիմնադրվել է 1988 թվականին UCLA-ի պատմության ֆակուլտետում: Զբաղվում է հայագիտական հետազոտություններով:

«Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական միություն»-ը հիմնադրվել է 1993 թվականին Լոս Անջելեսում: Նպատակն է` օժանդակել Հայաստանի և Սփյուռքի ատամնաբույժներին, ֆինանսական օգնություն ցուցաբերել անապահով ուսանողներին:

«Կոմիտաս ինստիտուտ»-ը հիմնադրվել է 1992 թվականին Փրինսթոնում: Հրատարակում է հայոց նոր պատմության վերաբերյալ աշխատություններ, Հայաստանին և հայերին վերաբերող փաստաթղթերի ժողովածուներ, քարտեզներ և այլն: Կազմակերպում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, գիտաժողովներ:

«Հայաստանի համար հետազոտության և ծրագրավորման հիմնարկ»-ը (ARPA-Analyses Research and Planning for Armenia) հիմնադրվել է 1992 թվականին Լոս Անջելեսում: Նպատակն է` կատարված ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկել երկրում ժողովրդավարությանն ու ազատ շուկայական հարաբերությունների զարգացմանը նպաստող ծրագրեր և միջոցառումներ:

«Հայ դրամագիտական ընկերակցություն»-ը հիմնադրվել է 1971 թվականին Լոս Անջելեսում: Նպատակն է` նպաստել հայկական դրամագիտության զարգացմանը:

«Հայ ընտանեկան միություն»-ը հիմնադրվել է 1979 թվականին Գլենդելում: Միությունը կազմակերպում է հոբելյանական տոնակատարություններ, ազգային տոներին նվիրված հանդիսություններ:

«Հայ կրթական հիմնարկություն»-ը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում` ԱՄՆ-ի և Սփյուռքի այլ գաղութներում հայկական դպրոցների ստեղծմանն օժանդակելու, առկա հայկական դպրոցներին և ուսանողներին օգնություն ցույց տալու, հայագիտական կազմակերպություններին աջակցելու, կրթության համար հատկացված կտակները գործադրելու նպատակով: Հիմնարկության նպատակներն իրագործելու համար ստեղծվել է «Սոֆիա Հակոբյան» հիմնադրամը:

«Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցություն»-ը (SAS-Society for Armenian Studies) հիմնադրվել է 1974 թվականին` Կալիֆոռնիայի, Կոլումբիայի, Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականների կողմից:

«Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն»-ը (NAASR-National Association for Armenian Studies and Research) հիմնադրվել է 1955 թվականին Բելմոնդում, կենտրոնը` Քեմբրիջ: Օժանդակում է ԱՄՆ-ի մի շարք համալսարանների (Բոստոն, Նյու Յորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո) հայագիտական ամբիոններին ու դասընթացներին:

«Հայկական պատմական ընկերակցություն»-ը (Armenian Historical Association) հիմնադրվել է 1997 թվականին Փրովիդենսում: Նպատակն է` պահպանել հայկական մշակույթը, ժառանգությունը ու պատմությունը:
«Հայրենիք» պարախումբը ստեղծվել է 1993 թվականին Լոս Անջելեսում:

«Մենք» հայ երիտասարդական միությունը հիմնադրվել է 1994 թվականին Էնսինոյում: Նպատակն է` համախմբել ամերիկահայ մասնագետներին և ուսանողներին:

«Միացյալ հայկական հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականի նոյեմբերին: Այն միավորում է ԱՄՆ-ում գործող 7 խոշոր հայկական կազմակերպությունների` Ամերիկայի հայկական համագումար, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ օգնության միություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարաններ, Ամերիկայի ավետարանչական ընկերակցություն և Քըրք Քըրքորյանի կողմից հիմնադրված Լինսի հիմնադրամ, ջանքերը:

«Մխիթարյան կրթական հիմնարկ»-ը հիմնադրվել է 1988 թվականին Լոս Անջելեսում: Նպատակն է` նյութապես ու բարոյապես օգնել միաբանության ուսումնագիտական, հրատարակչական գործունեությանը:

«Սիփան» երգչախումբը ստեղծվել է 1978 թվականին Լոս Անջելեսում:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է Ֆիլադելֆիայում 1916 թվականին: Կազմակերպության նպատակն է` բարոյական և նյութական աջակցություն ցույց տալ hայ եկեղեցուն, մշակութային, կրթական, մարզական, բարեգործական հաստատություններին և շնորհալի անձանց, պահպանել և հարստացնել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությունը:

«Վենտուրա Քաունթրիի հայ մշակութային ընկերություն»-ը հիմնադրվել է 1976 թվականին Վենտուրա Քաունթրիում: Նպատակն է` համախմբել շրջանի հայ ընտանիքներին և պարբերական հանդիպումների միջոցով ստեղծել հայկական միջավայր: 

Աղբյուրը՝ Հայերն Այսօր 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: