• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

02 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին մեկ տասնյակ կոնգրեսական, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման հիմնական բանախոսը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն էր, ով իր ելույթում, մասնավորապես, ներկայացրեց Արցախի անկախացման ուղին և ներկայումս ընթացող զարգացումները: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը նաև բարձր գնահատեց ԱՄՆ տարբեր նահանգների օրենսդիր մարմինների կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությունը` ի դեմս ամերիկյան հինգ նահանգներում ԼՂ ինքնորոշման իրավունքի եւ ժողովրդավարական անկախության աջակցության վերաբերյալ ընդունված բանաձեւերի: Ադրբեջանի հակահայկական և ռազմատենչ քաղաքականության, վերջին շրջանում ակտիվացած սադրիչ գործողությունների համատեքստում Աշոտ Ղուլյանը ընդգծեց, որ «Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման միակ ուղին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե ֆակտո անկախության միջազգային ճանաչումն է և անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը»:

Միջոցառմանը հանդես եկան ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն, Ադամ Շիֆը, Դեյվիդ Սիսիլինը, Ջուդի Չուն, Ջանիս Հանը, Լինդա Սանչեսը եւ Քերի Բենտիվոլիոն: Հանդիպման մասնակիցներին առանձին ուղերձ էր հղել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզը:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում պատրաստակամություն հայտնեցին շարունակել այն աջակցությունը, որն իրենց կողմից մշտապես ցուցաբերվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության պայքարին, և միջոցներ ձեռնարկել պահպանելու համար այն ֆինանսական օժանդակությունը, որը տրամադրվում է Արցախի ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման նպատակով: Խիստ քննադտական խոսքեր հնչեցին Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականության հասցեին: Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ քայլերի շարքում գրեթե բոլորի կողմից հիշատակվեց Արցախի ՊԲ ուղղաթիռի կործանման հետ կապված միջադեպը: Իր ուղերձում սենատոր Մենենդեզը նշեց նաեւ հայ զինվորների քաջությունը, որը ցուցաբերվել է կործանված ուղղաթիռի անձնակազմի դիյակների վերադարձի հետ կապված գործողության ժամանակ:

Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը՝ ի նպաստ Արցախի անկախության և տարածաշրջանում անվտանգության ապահովման: Նշվեց, որ ցանկացած հակամարտության դեպքում վերջնական կարգավորումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ կողմերը նույն արժեքներն են դավանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում դրան հնարավոր կլինի հասնել այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունները, որոնք իրենց երկրում այսօր ճնշում են բազմակարծության ցանկացած դրսեւորում, ճանաչեն և ընդունեն այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունն ու անկախության ձգտումը և որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը:

Դեսպան Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ նաև Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնք, ըստ այդ երկիրը կառավարող վարչակազմի, պետք է ծառայեն Հայաստանն ու միջազգային հանրությանը սադրանքի ենթարկելու և այդ ճանապարհով կարգավորման գործընթացում առավելություն ձեռք բերելու թվացյալ նապատակին: Այս համատեքստում դեսպան Սարգսյանը ընդգծեց, որ հայ ժողովուրդը երբեք տեղի չի տա այդ սադրանքներին և երբևէ չի համաձայնի սակարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներն ու հիմնարար շահերը:

Շարունակելով թեման՝ դեսպան Սարգսյանը նշեց, որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աներկբա ուղերձ հղեն Ադրբեջանի ղեկավարությանը, առ այն, որ չեն հանդուրժելու ռազմական գործողությունների վերսկսմանն ուղղված որևէ քայլ ու գործողություն: Եզրափակելով խոսքը՝ նա կոչ արեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներին շարունակելու իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու և Լեռնային Ղարաբաղի ազատասեր ժողովրդի արդար դատին սատարելու ուղղությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: