• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց կարատեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ

07 մայիսի, 2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այց է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այցի շրջանակներում մայիսի 5-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սենատի հանրապետական և դեմոկրատ մի շարք այլ անդամներ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը:
Հանրապետության Նախագահի խոսքով, նաև սենատորներ Միտչ Մըքոնելի և Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք և հոգածություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանը մասնակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ: Հայաստանը և ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը:
Նախագահը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դրա շրջանակներում Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ Նախագահի այցի շրջանակներում Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:

ՀՀ Նախագահը և ԱՄՆ սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Ներկա բոլոր սենատորներն իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի շրջափակման պայմաններում երկրին անհրաժեշտ տրանսպորտային և էներգետիկ այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր:

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ կայացած հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

***

Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 6-ին այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր:

Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և այլոց կողմից Հայոց ցեղասպանության վկայություններին:

Սերժ Սարգսյանն այնուհետև կարճատև զրույց է ունեցել Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ:

Նախագահը ներկա է գտնվել նաև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը. ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ նամականիշ:

Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը՝ Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:

***

Նույն օրը ՀՀ Նախագահն այցելել է նաեւ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Թանգարանի տնօրենը Հանրապետության Նախագահին շրջայցի ժամանակ ծանոթացրել է ներկայացված ցուցադրանյութին: Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման և քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր:

Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաև հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»,-գրառել է ՀՀ Նախագահը:

***

Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին:

Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը մայիսի 6-ի երեկոյան հանդիպել է նաև ՀՅԴ բյուրոյի ԱՄՆ արևելյան ափի Կենտրոնական կոմիտեի և Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերող հարցեր:

***

ՀՀ Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ մայիսի 7-ին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս և Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգևորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: