• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանի խոսքը ԱՄՆ կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը

09 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի «Rayburn» մասնաշենքում կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ ներկայացուցիչների արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը և Ֆռանք Փըլոնեն, ինչպես նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Դինա Թիթուսը և Ջիմ Կոստան:

Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակ դեսպան Սարգսյանի ունեցած ելույթը.

 

Ձերդ գերազանցություն պրն. Միրզոյան,

Հարգարժան կոնգրեսական Փըլոն, կանգրեսական Դոլդ,

Ներկայացուցիչների պալատի անդամներ,

Հոգևոր հայրեր,

Ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ,

հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս բարձրաստիճան լսարանի առջև: Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Արցախի անկախության 24րդ տարեդարձի կապակցությամբ և իմ խոր շնորհակալությունը հայտնել այս գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար:

Մենք բարձր ենք գնահատում Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահների և Հանձնախմբի մյուս անդամների անխոնջ ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Կոնգրեսի օրակարգի ուշադրության կենտրոնում պահպանելու համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արցախի անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու նպատակով ձեր կողմից ցուցաբերվող շորունակական զորակցության համար:

Արդեն ավանդույթ է դարձել, որ Արցախի կառավարության մեկ բարձրաստիճան պաշտոնյա միանում է մեզ՝ ամենամյա այս միջոցառմանը: Այս տարի ես պատիվ ունեմ ողջունելու Արցախի արտաքին գործերի նախարար, Ն.Գ. պրն. Կարեն Միրզոյանին: Նրա մասնակցությունն այս միջոցառմանը ինքնին Արցախի անկախության արտահայտումն է: Անկախությունը, որը ձեռք բերվեց մաքառումների և զրկանքների, ազատության ու ինքնորոշման համար մղվող պայքարի միջոցով: Անկախություն, որը անհնարին էր առանց հայ ժողովրդի դրսևորած համերաշխության և միասնության, առանց աշխարհով մեկ սփռված մեր քույրերի և եղբայրների կողմից ցուցաբերած անմնացորդ աջակցության:

Այս առումով հիրավի առանձնահատուկ է Ամերիկայի հայկական կազմակերպությունների դերը: Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպություն­ները և մասնավորապես Հայ դատն ու Ամերիկայի հայկական համագումարը մշտապես նվիրված են Արցախի ազատության գաղափարին: Նրանք մշտապես ակտիվ դերակատարում ունեն Արցախի արդար դատի և նրա անկախության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների պաշտպանության գործում:

Հարգելի ընկերներ,

Այսօր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում քննարկվող ամենակարևոր և խոստումնալից նախաձեռնությունը հայկական և ադրբեջանական ուժերի շփման երկայնքով հետաքննության և կրակի մոնիթորինգի մեխանիզմների տեղադրման մասին առաջարկությունն է: Այս մեխանիզմը, որը հովանավորվելու է միջազգային կառույցների կողմից, կոչված է ծառայել խաղաղության պահմանմանը: Այն անհնարին է դարձնելու հրադադարի խախտումը՝ առանց տվյալ սադրանքի պատասխանատու կողմի համար հետևանքների առաջացման: Մենք լիովին պաշտպանում ենք այս գաղափարը: Հավատացած ենք, որ այդ գաղափարի իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում առկա իրավիճակի վրա: Այն կնպաստի խաղաղության պահպանմանը և որպես հետևանք՝ կստեղծի ավելի լավ պայմաններ բանակցություններում առաջընթացի համար:
Այս համատեքստում ես ցանկանում եմ հիշատակել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի վերջերս նախաձեռնած երկկուսակցական նամակը: Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը: Այն պաշտպանում է հետաքննության և կրակի մոնիթորինգի մեխանիզմների տեղադրման գաղափարը: Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամ միացել է այս նախաձեռնությանը: Եւ այսօր ես օգտվում եմ այս պատեհ առիթից երախտիքի խոսքեր հղելու այն կոնգրեսականների հասցեին, որոնք ստորագրել են այդ նամակը և դրանով իսկ իրենց ներդրումը կատարել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպա­նությանը:

Հարգարժան գործընկերներ,

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակման և հարգանքի միջազգային օրն է: Շատ խորհրդանշական է, որ Արցախի անկախությանը նվիրված այս միջոցառումն անցկացվում է ենց այս օրը: Արցախի անկախությունը տոնելու միջոցով մենք նաև հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության զոհերին, հարգանքի տուրք մատուցում մեր սուրբ նահատակներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին ապագա սերունդների համար, և նշում մեր հաղթանակը այն ուժերի նկատմամբ, որոնք ցանկանում էին ոչնչացնել հայ ժողովուրդը:

Թանկագին բարեկամներ,

Իմ ելույթիս ավարտին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայկական հարցերով հանձնախմբի բոլոր անդամներին մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ նրանց ցուցաբերած մշտական հետաքրքրության, ինչպես նաև հայ ժողովրդին սատարելու, խաղաղությունը պահպանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը արդար լուծում գտնելու նպատակով նրանց գործադրած շարունակական ջանքերի համար:
Շնորհակալություն ուշադրության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: