• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի նամակը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

22 հունիսի, 2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի նամակը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի ներկայացուցիչ,
Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակը։ Մեր մեկդարյա բարեկամական հարաբերությունները, որոնք ամրապնդվել և պահպանվել են հայկական ժառանգությամբ ամերիկացիների քաղաքացիական ներգրավմամբ, կայուն զարգացում են ապրում՝ հիմնված մեր համատեղ պատմության, ժողովրդավարական արժեքների և մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղ ապագային միտված համաշխարհային տեսլականով։
Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկկողմ հարաբերությունները հասել են Ռազմավարական երկխոսության մակարդակի՝ ընդգրկելով բարձր համագործակցություն՝ տարածաշրջանային, առևտրային, էներգետիկ, տեխնոլոգիական, պաշտպանության և հումանիտար հարցերի լայն շրջանակ։ Մենք, մասնավորապես, գոհունակությամբ ենք արձանագրում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարության գործընկերություն (House Democracy Partnership) հանձնախմբի շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա կառուցողական համագործակցությունը։ Նաև պետք է նշել ԱՄՆ կողմից առաջնորդվող Կրոնական ազատությունների միջազգային դաշինքին Հայաստանի վերջերս անդամակցությունը․ սա պետությունների մի դաշինք է, որը աշխատում է խթանել կրոնական ազատությունն ու հանդուրժողականությունը ողջ աշխարհում։
Freedom House-ը մեկն է այն բազմաթիվ կառույցներից, որոնք գոհունակությամբ են արձանագրում Հայաստանի առաջընթացը։ Վերջինս, ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում մեր երկրի վերջին նշանակալի առաջընթացը, իր դիտարկումների մեկնարկից ի վեր, երկու տարվա կտրվածքով երբևէ ամենաշատ բարելավումներ կատարած երկիր է ճանաչել։
Ի հավելումն այս ամենի, Հայաստանը շարունակում է իր ներդրումն ունենալ Աֆղանստանոււմ և Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից առաջնորդվող խաղաղապահական գործընթացներում։
Այսօր կցանկանայի տեղեկացնել Ձեզ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ․ սա միջազգային ձևաչափ է, որը կոչված է բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Միացյալ Նահանգներն առանցքային միջնորդ է այս բանակցություններում, որոնք իրականցվում են Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանո ներքո։ Ռուսաստանն ու Ֆրանսիան նույնպես հանդիսանում են միջնորդներ։
Միացյալ Նահանգները առաջին երկրներից էր, որ դեռևս 1989թ․ Սենատի 178 բանաձևով իր աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումներին, ինչպես նաև հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորմանը։
Այս Բանաձևը խրախուսեց խորհրդային իշխանություններին «․․․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ ներգրավվել առարկայական քննարկումների մեջ՝ հայրենի Հայաստանի հետ վերամիավորման պահանջների վերաբերյալ»։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը սկսվել է 1994թ․ մայիսին, երբ հրադադար հաստատվեց հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Հրադադարը ստորագրվեց հաջորդելով մի քանի տարի տևած պատերազմին, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանում էր կյանքի և ինքնորոշման իր իրավունքն ընդդեմ հսկայական ու ավերիչ ուժ կիրառող Ադրբեջանի։
1990ականների կեսերից ի վեր կողմերն ընդհանուր առմամբ հավատարիմ են եղել հրադադարին, առանց Շփման գծում նրանց բաժանող որևէ միջազգային խաղաղապահի։ Ինչևէ, 2016թ ապրիլին, Ադրբեջանը նախաձեռնեց լայնածավալ ռազմական հարձակում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվեցին նոր կորուստներ։ Այդ ժամանակից ի վեր, խաղաղ կարգավորման գործընթացը ծավալվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և ռազմական գործողությունների վերսկսման և հրադադարի խախտման ռիսկերի նվազեցման շուրջ։2016թ․ մայիսին Վիեննայում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ և ընդլայնել ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում՝ ԱՄՆ Պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների լայն աջակցությամբ։ Ինչևէ, Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այս պայմանավորվածությունները և շարունակում է հավատարիմ մնալ պատերազմ սկսելու սպառնալիքների և Շփման գծի երկայնքով մշտական սադրանքների քաղաքականությանը։ Նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և Վիեննայի փաստաթղթի խախտմամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ զորավարժությունները դրա վառ օրինակն է։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը շարունակում է մնալ որպես խաղաղ գործընթացի հիմնաքար։ Մինսկի խմբի համանախագահները հավասար իրավունքներն ու ինքնորոշման հարցը ճանաչել են որպես հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքներից մեկը, և այնուհետ այս իրավունքների իրականացմանն անդրադարձել են հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներում։ Նրանց առաջարկը հստակ սահմանում է ինքնորոշման իրականացման ուղին, ինչը ենթադրում է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտում առանց որևէ սահմանափակումների, երբ հարցը վերաբերի ժողովրդի կողմից վերջնական կարգավիճակի ընտրությանը։ Ադրբեջանը, որը իրեն այսօր ներկայացնում է որպես Հիմնարար սկզբունքների պահապան, փաստացի հանդիսանում է այն կողմը, որը 2011թ․ Կազանի գագաթաժողովի ժամանակ մերժել է հենց այդ սկզբունքների շուրջ համաձայնությունը։
Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանած ինքնորոշման իրավունքը և փորձում ձևակերպել իր մերժումը բավական ապակողմնորոշիչ մեկնաբանությամբ․ «ընդունում ենք, բայց խիստ ու խորը վերապահումներով»։
Մինչ Հիմնարար սկզբունքները չեն կանխորոշում խաղաղ կարգավորման գործընթացի հանգուցալուծումը և թույլ են տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առանց որևէ սահմանափակման որոշել իրենց ապագան, Ադրբեջանն ընդունում է խաղաղ կարգավորման միայն մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Քանի դեռ Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ պնդում է իր «խիստ և խորը վերապահումները» և մաքսիմալիստական դիրքորոշումը, հնարավոր չի լինի խաղաղ կարգավորման գործընթացում արձանագրել էական առաջընթաց։
Ադրբեջանը ոչ միայն մերժում է ինքնորոշման իրավունքը, այլև հրաժարվում խոսել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ, որոնց դերը հակամարտության կարգավորման հարցում ճանաչվել է ԵԱՀԿ կողմից Մինսկի գործընթացի հիմնադիր փաստաթղթերում։ Սա ճանաչվել է նաև ԱՄՆ Սենատի կողմից։Ադրբեջանի դիրքորոշումը հակաարդյունավետ է և վնասակար՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին։ Պատերազմի ավարտին հաջորդած քառորդ դարի ընթացքում, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ հրադադարի պահպանման հարցում առանցքային դեր է ունեցել առանց որևէ խաղաղապահի։ Այսպիսով նա վաստակել է իրավունք իր տեղն ունենալ բանակցային սեղանի շուրջ և օգնել հրադադարը վերափոխել հարատև խաղաղության։ Խաղաղության հարցում այս դերի մերժումը կհետաձգի նույն այդ խաղաղության հաստատումը և կերկարաձգի անորոշությունը։ Լեռնային Ղարաբաղն ավանդաբար ունի ներկայացուցչական կառավարություն և օրենսդիր մարմին․, որոնք ընտրվել են ազատ ու արդար քվեարկության արդյունքում։ Արցախը ցույց է տվել, որ ունակ է ապահովել իշխանության խաղաղ սահմանադրական անցում, ինչը խստորեն հակասում է Ադրբեջանի փորձին, որտեղ իշխանությունը մնում է մեկ ընտանիքի ձեռքում՝ հորից անցնելով որդուն․ վարվելակերպ, որն արհամարհում է ժողովրդավարական ընտրությունը և ամրապնդում ավտորիտարիզմը։
Հուսով եմ, Դուք կմիանաք ԱՄՆ Կոնգրեսի Ձեր գործընկերներին և կաջակցեք ԱՄՆ միջնորդությանը, որը խթանում է ԼԵռնային Ղարաբաղի ուղիղ մասնակցությունը խաղաղությանը միտված բանակցություններին, և հնարավոր դարձնում այն հանգուցալուծումը, որն ամենաշատն է կապակցված Ամերիկյան պետության հիմնարար սկզբունքներին․ կյանքի անքակտելի իրավունք, ազատություն և երջանկության ձգտում։
Ուրախ կլինեմ հեռախոսազանգ կամ հանդիպում ունենալ Ձեզ հետ, երբ հանգամանքները թույլ տան, և պատրաստակամ եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում օգտակար լինել։
Շնորհակալ եմ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին Ձեր աջակցության համար։
Անկեղծորեն,
Վարուժան Ներսեսյան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: